ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԴԻՆ, ՇՔԱԶԳԵՍՏԸ ՀԱԳԻՆ
Սեբաստիա, Գյումրի, Երևան։ Էդուարդ Արծրունյանի ակունքը Սեբաստիան էր։ Ջարդերից մազապուրծ Արծրունյանները 1920-ին հաստատվեցին Գյումրի քաղաքում։ 1929-ի տարեվերջին ծնվեց 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենաանշփոթելի վարպետներից մեկը՝ Էդուարդ Արծրունյանը. գեղարվեստական մականունը՝ Ածան։ Այս յուրօրինակ մականվանը դեռ կանդրադառնանք։ Նկարչական շնորհը ու՞ր պետք է ուղեկցեր մանկությունից պատանեկություն քայլող անհնազանդ մանչին, իհարկե՝ Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոց, որն ավարտելով՝ 1944-ին նա ճանապարհվում է մայրաքաղաք, սովորում երկրի մշակութային նշանավոր հաստատությունում՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1951-ին ուսումնառության անհագ փափագը երիտասարդ Արծրունյանին հասցնում է Լենինգրադ, ուր նա սովորում է ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիային կից Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում, ավարտում է ուսումը 1957-ին՝ գերազանցության դիպլոմով։ Նույն տարում մասնակցում է համամիութենական ցուցահանդեսի՝ Մոսկվայում։
Նրա կյանքի ընթացքը բեկբեկուն էր և անցնում էր Լենինական-Երևան, Լենինգրադ-Երևան, Մոսկվա-Երևան ուղեծրով։ Գեղանկարչական ձիրքը անբեկանելի էր, ուսման տենչը՝ հաստատուն, կերպարվեստի ընկալումներն ու ընդգրկումները՝ անսպասելի։ Փայլուն ունակությունների տեր գեղանկարիչը Մոսկվայում աշխատում է «Պլակատ» հրատարակչությունում՝ նշանակալի գործեր ստեղծելով պլակատային արվեստում։
Կանայք ուղեկցել են Արծրունյանին ողջ ստեղծագործական կյանքում։ Հենց այստեղ է ուրվագծվում նրա ազատ արարման սկզբունքը, երբ նա նրբորեն խախտում էր խորհրդային սոցռեալիզմի սահմանները, պատկերելով դեռատի հայուհուն ողջ ազնվական հմայքով, դիցուք, գործարանային հակագեղագիտական միջավայրում («Երևանի կաշվի գործարանում, հերթափոխի վերջը», 1980 թ.)։ Միևնույն հայեցի հմայուն ազնվականությամբ են պարուրված «Սպասում» կտավի աղջիկը (1965 թ.) ջրաղաց այցելած կանայք («Ջրաղացում», 1966 թ.), խիստ հայկական գյուղի բանուկ մի հատվածում մի պահ կանգ առած, անսկիզբ ու անվերջ զրույցով տարված կանայք («Զրույց», 1966 թ.) և վեհապանծ իշխանուհու խորաթափանց հայացքով աշխարհը դիտող հայուհին («Գեղջկուհու դիմանկարը», 1970 թ.)։
Նախորդ դարի 60-ականներին տաղանդաշատ վարպետների համաստեղությունն էր համաշխարհային մակարդակի խաղադրույքներ սահմանում՝ հավատարիմ մնալով ազգային կերպարվեստի որդան կարմրով նախանշված ուղիներին։ Արվեստաբանական մտքի և լեզվի համար այդ շրջանը ոսկեդար էր. անկրկնելի Հենրիկ Իգիթյանը Օլիմպոս էր բարձրացրել նորահայտ Մինաս Ավետիսյանին, զատել էր նրան ժամանակից և կառուցում էր զուտ մինասյան մի պատվանդան։ (Մինասն արարում էր՝ պատսպարվելով աներևույթ վարագույրով, որի մի երեսին հիացումն էր, մյուսին՝ մերժումը)։ Իրենց արվեստաբաններն ունեին Վրույր Գալստյանն ու Մարտին Պետրոսյանը, Ալբերտ Պարսամյանն ու Աշոտ Հովհաննիսյանը, մյուսները։ Արծրունյանն իր վրձնագրով և մտածողությամբ այս համաստեղությունից դուրս էր, բայց վերելքային ժամանակի լուսանցքում չէր, առաջնադիրքում էր, գնահատված էր և՛ Մոսկվայում, և՛ Երևանում։ Մոսկվայում գուցե ավելի շատ։ (Ըստ էության, Էդուարդ Արծրունյանն այդպես էլ չունեցավ իր արվեստաբանը)։ 1963-1974 թվականներին նա մասնակցում է Մոսկվայում կայացած գեղանկարչության և գրաֆիկայի բոլոր համամիութենական ցուցահանդեսներին, շահում է մրցանակներ, արժանանում պատշաճ ուշադրության։ 1989 թվական. «Հարյուր աշխատանք» անհատական ստեղծագործությունների վերջին համամիութենական մեծ ցուցահանդեսն էր Մոսկվայում, գեղարվեստական հսկա ժառանգություն ամբարած կայսրությունը լքում էր պատմության ընթացքը և շոգեքարշի վերջին սուլոցներին ու ծխաքուլաներին հրաժեշտ տալով՝ հանգրվանում էր փակուղում։ Այս ցուցահանդեսում Էդուարդ Արծրունյանն արժանանում է արծաթե մեդալի 100 ընտրյալների լեգեոնում։ Անվերապահորեն կարող էր արժանանալ ոսկե մեդալի, բայց սա էական չէ։ Ոսկեփայլ գույները հաճախ են խորիմաստ լավատեսությամբ տոգորում այս տաղանդավոր վարպետի աշխատանքները։ Ահա «Տաշիրի բակային շուկան» (2003)։ Կտավի հիմնական մակերևույթը (հողը և շուկայամերձ տունը) դեղնափոշի-ոսկեգույն է, համալրված կարմիր ոսկով։ Նրա գունաշխարհը, առհասարակ, բազմաբովանդակ է։ 1951-ին, երբ ուսանում էր Լենինգրադում, վրձնում է երիտասարդ բնորդուհու, ակնհայտորեն սլավոնուհու, սլավոնա-ռուսական ընդգծված գունամտածողությամբ։ Կերպարվեստում, առհասարակ, չկա մի ոլորտ, որում խորասուզվել է Արծրունյանը և չի կերտել փայլուն գործեր։ Բայց և այնպես նրան երբևէ չեն մեծարել դղրդուն ածականներով։ Գուցե պատճառը նրա չվերջացող մանկությունն էր, մինչև կյանքի ավարտը 2012-ին, նա նույն անաղարտ էակն էր, անաղարտ, անկաշառ և ըմբոստ, եթե ինչ-որ անհարկի բան էր նրան պարտադրվում։ Կարդանք արվեստաբան Մարինա Ստեփանյանին՝ թերթելով վերջինիս գրած նախաբանը. «Էդուարդ Արծրունյան» պատկերագրքից. «Արծրունյանի նատյուրմորտները համակված են կենսունակ, տոնական ուժով։ Բնության պարգևած տվյալները, ծաղիկները աչքի են զարնում չափազանց ճոխությամբ ու շքեղությամբ։ Նրանք գրավում են նկարչին իրենց գեղեցկության քմահաճությամբ։ Եվ նա, ասես անակնկալի գալով այդ առատությունից, սկսում է նկարել արագ, անհագորեն՝ փորձելով տեղավորել և պահել կտավի մակերեսին դեղձերի, սեխերի, խնձորների այդ գունային էներգիան»։ Նա մի՞թե չէր արժանավորելու կնոջը, որպես բնության արտերևույթ, ապրող մեր կողքին և արարող ամենուր՝ խոհանոցում, մկրտության ժամանակ, թե երեխային լողացնելիս։ Կինը արարման պտուղ է, սա նկարչի հավատո հանգանակն է։
Իսկ հայ երևելիներից հատկապես մեծն վարդապետն է գրավել Արծրունյանին։ Դարձյալ ունկնդրենք Մարինա Ստեփանյանին. «Հին ավանդույթով սրբագործված Կոմիտասի թեման անսպառ հնարավորություններ է ընձեռում։ Արծրունյանը մարմնավորել է երգահանի կերպարը՝ հավատարիմ մնալով իր արտահայտչալեզվին։ Գործողությունը վերստին ծավալելով փոքր տարածությունում, նկարիչը ձգտում է ստեղծել դրամատիկ լարվածություն։ Կոմիտասի ֆիգուրը հետ է քաշված կտավի խորքը, դադարում է գերիշխել և ազատում է առաջին պլանը՝ թանձր մթնշաղում թոնրի շուրջը ծվարած, ինքնամոռաց երգող չորս երեխաների համար։ Կոմիտասը լսում է նրանց թաքնվելով, երկյուղելով խրտնեցնել նրանց անկեղծությունը՝ կենտրոնացած, ներամփոփված իր մեջ և այդ շինության կիսախավարում»։
ԱԾԱՆ. ՄԱԿԱՆՈՒՆ՝ ՎԱՍՆ ԱՌԱՏՈՒԹՅԱՆ
Նրա մականունը Ածան էր։ Կնքահայրերը նկատի էին ունեցել Էդուարդ Արծրունյանի ստեղծագործական խնդասիրտ տարերքը, նկարում, ստեղծագործում էր արագ և կենսալիցք, ասես գույնզգույն հավկիթներով էր լիացնում շրջապատը և «ածում էր» կերպարվեստի սքանչելիքներ։
Նրա հետ աշխատած նկարիչները հիշում են. մի անգամ տարածական պլակատի պատվեր կար, պետք էր կերտել Իլյիչին։ Դժվար խնդիր էր։ Նախ, բնավ հաճելի չէր վերստին «դավել» վրձնին և ներկապնակին, այլ կերպ ասած՝ ստեղծագործական երաշտի մեջ ընկղմվել (թեկուզ ակամա, և թեկուզ հոնորարը բավականին բարձր էր)։ Միաժամանակ դժվար էր բավարարել Լենինի կերպարը քննախույզ վերլուծող կուսակցական բոսերի ճաշակը։ Արծրունյանն անվրդով աշխատում էր, պատվերը պետք էր ավարտել նախանշված ժամկետում։ Եվ ահա նկատելով գործընկերների վարանումը, աջով շարունակում է նկարել, վերցնում է մեկ այլ վրձին և ձախ ձեռքով (ի դեպ, առանց կտրվելու հիմնական գործից), մի քանի րոպեում պատկերում է Իլյիչի անմոռաց կիսադեմը։
Նկարիչների սերը Էդուարդ Արծրունյանի նկատմամբ մշտանորոգ է։ Կարող ենք դիմել և՛ նրա սերնդակիցներին, և՛ երիտասարդ սերնդին (ընդ որում, հարյուրավոր ստեղծագործողների), խնդրելով բնութագրել Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանին՝ որպես ստեղծագործողի և անհատի։ Բոլորի պատասխանը մեկն է՝ հիացական։
Հայ արվեստասեր հասարակությանը գրեթե անծանոթ են նրա հոյակապ գործերը։ Այնինչ անհրաժեշտ է որմնանկարել նրա մի քանի գործ և նվիրել երկրին։ Զի նա երկրի նկարիչն էր։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. Միանգամայն համոզված, որ ոչ ներկա կառավարությունը, ոչ էլ քաղաքապետարանները չեն արժևորելու Էդուարդ Արծրունյանի արվեստը (ինչպես որ չեն արժևորել Աշոտ Հովհաննիսյանին և Հակոբ Գյուրջյանին, Վրույր Գալստյանին ու Հրաչյա Հակոբյանին...), անտեղի եմ համարում նրանց դիմելը՝ հարցի լուծումը ակնկալելով «Հայ կերպարվեստի մեկենաս» պատվո ատյանից։